«Քայլ առ քայլ» կրթական ծրագիրն աջակցում է Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի բարեփոխումներին` նպաստելով բաց հասարակության արժեքների խթանմանը կրթության բնագավառում և լայն հասարակության շրջանում:
«Քայլ առ քայլ»-ն առաջարկում և իրականացնում է ուսումնառության և դասավանդման անհատականացված, երեխայակենտրոն մոտեցումներ, որոնք հիմնված են կրթության ժողովրդավարական սկզբունքների վրա:
«Քայլ առ քայլ»-ն աշխատում է հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, բուհերի, համայնքների և Կրթության ազգային ինստիտուտի հետ՝ հենվելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված պետական ուսումնական ծրագրերի վրա:
Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում: Այն կարևորում և հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին։ Ծրագիրն իրականացնում է վերապատրաստումներ ուսուցիչների, դասախոսների, ուսուցիչներ վերապատրաստող և կրթության կառավարման հարցերով զբաղվող մասնագետների, ծնողների և համայնքների ներկայացուցիչների հետ: Ծրագիրն օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների, համայնքների մասնակցությանը երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին։
Մենք խրախուսում ենք կրթական ծրագրերի հետագա զարգացմանն ուղղված բազմաբնույթ հետազոտությունների իրականացումը:
«Քայլ առ քայլ» ծրագիրն այսօր գործում է
Նախադպրոցական հաստատություններում և տարրական դասարաններում աշխատող այն բոլոր մասնագետները, ովքեր ցանկանում են վերապատրաստվել «Քայլ առ քայլ» ծրագրով և վկայագրվել՝ որպես այդ ծրագիրն արդյունավետորեն կիրառող մանկավարժներ, կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։