Ծրագիրն օգնում է անապահով կամ աղքատության եզրին գտնվող ընտանիքների երեխաներին հնարավորինս բարեհաջող սկսելու կյանքի իրենց առաջին քայլերը և ապահով ու բարենպաստ միջավայրում ստանալու իրենց նախադպրոցական կրթությունը: «Քայլ առ քայլի» մոդելային և վերապատրաստման կենտրոնների միջոցով ծրագիրն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ և փորձ՝ տնային պայմաններում իրենց երեխաների կրթական կարիքները բավարարելու համար:
Ծրագիրը կարող է կրթական ծառայություններ առաջարկել նաև բոլոր այն ընտանիքներին. մայրիկներին, հայրիկներին, դայակներին, տատիկ-պապիկներին, ովքեր ցանկանում են վերապատրաստվել ծնողական կրթության ծրագրով և մանկապարտեզի փոխարեն կամ դրան զուգահեռ՝ տանը հմուտ մանկավարժական մեթոդներով ու փորձառությամբ նպաստել երեխաների զարգացմանը: Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։